211652_close_icon
views-count2100 դիտում article-date 14:07 10-10-2017

Հայաստանն առաջատար դիրքերում է. Ջո Շոուեր

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը՝ Կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր շարունակել դեռևս 2017թ. մայիսին Մեքսիկայում կայացած ԱՌՆ Գլոբալ Պլատֆորմի ընթացքում սկսած երկխոսությունը, ամփոփել ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԶԾ համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ փոխգործակցության հետագա ուղղությունները: Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությունը սկիզբ է առել 1997 թվականին: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ուղղված էին աղետներին պատրաստվածության և արձագանքման արդյունավետության բարձրացմանը: Այժմ դրանք առավելապես ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը: Ջո Շոուերն իր խոսքում նշեց, որ ՄԱԿ-ն այժմ իր գործունեությունն ուղղում է նաև աղետից հետո արագ և արդյունավետ վերականգնման պլանների մշակմանն ու գործընթացների կազմակերպմանը: Նա նաև վերահաստատեց Հայաստանում ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: - Յուրաքանչյուր ճգնաժամ զարգացման ծրագրերի տապալման արդյունք է,- ասաց պարոն Շոուերը,- մեր հիմնական նպատակն է օգնել երկրներին ձևավորելու քաղաքական կամք՝ աղետների ռիսկի նվազեցումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացման մեխանիզմները և խոչընդոտները, ԱՌՆ ոլորտ մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության խթանման հարցերը: ՄԱԶԾ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը Երևան է ժամանել մասնակցելու «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողովին:

Նմանատիպ նյութեր