211652_close_icon
views-count7700 դիտում article-date 14:36 30-09-2017

Ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել. դիրքապահներ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ «Նախքան զորակոչվելս, կարելի է ասել, պատկերացում չունեի դիրքերի ու դիրքապահի ծառայության մասին: Գալով դիրքեր և կատարելով Հայրենիքի պաշտպանի գործը` սկսել եմ ավելի կարևորել «Հայրենիք» հասկացության արժեքն ու էությունը: Չնայած դժվարություններին` մենք գիտակցում ենք մեր գործի կարևորությունը ամբողջ ազգի հարատևման հարցում: Հենց այդ գիտակցումն է պատճառը, որ մեզանից ոչ մեկը չի տրտնջում և ցանկացած պահի պատրաստ է հակառակորդին արժանի հակահարված հասցնել»,- նշում է մեր զրուցակից եֆրեյտոր Գ. Փիրոևը` հավելելով, որ այդ գործում իրեն օգնել և ունեցած փորձը փոխանցել են հրամանատարներն ու ավագ ընկերները: Եֆրեյտոր Գարիկ Ծերունի Փիրոևը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժնում և 4-րդ կուրսից զորակոչվել զինծառայության: Ինչպես յուրաքանչյուր բնագավառում` դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ևս եֆրեյտոր Փիրոևը կարևորում է կարգապահությունն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Ինչ վերաբերում է վտանգավորությանն ու վախի զգացողությանը, ապա դա ժամանակի ու գիտակցության խնդիր է: Բոլոր դեպքերում, ինքն անձամբ դիրքերում ծառայելը նախընտրում է մշտական տեղակայման վայրում ծառայելուց, որը դարձել է երկրորդ օջախը: «Չնայած վտանգավորությանն ու պատասխանատվությանը, ես անձամբ նախընտրում եմ դիրքերում ծառայությունը: Մենք մեզ այստեղ ավելի ազատ ենք զգում, ավելի արժևորված մեր կատարած գործում: Պետք է ասեմ, և կարծում եմ` դիրքապահներից շատերն էլ համամիտ են կարծիքիս, որ ժամանակի ընթացքում դիրքը, իրոք, դիրքապահի համար երկրորդ օջախ է դառնում: Եվ ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել: Իսկ դրա համար, ինչպես նաև վտանգի չեզոքացման նպատակով, պետք է ամենայն լրջությամբ կատարենք սեփական պարտականությունները, որպեսզի կարողանանք ժամանակին հավաստանշել հակառակորդի տեղաշարժը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր: Փորձը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուրը ճշտությամբ կատարի իր պարտականությունները, ապա հակառակորդը կձախողվի իր մտադրություններում: Դա են ապացուցում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերն ու ապրիլյան մարտական գործողությունները: Ճիշտ է, ապրիլյան գործողությունների ժամանակ ես դիրքերում չէի` նոր էի զորակոչվել ծառայության, բայց գիտեմ, թե ինչպես են ավագ ընկերներս կռվել, ձախողել հակառակորդի մտադրությունները, պաշտպանել այս դիրքը և հենց այս դիրքում կործանել նրանց ուղղաթիռը: Այս ամենը մեզ լրացուցիչ ուժ է տալիս, պարտավորեցնում ավելի պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները»,- մեզ հետ զրույցում ասաց եֆրեյտոր Փիրոևը` կատակով ավելացնելով, որ, ինչպես ասում են, մենք հայ ենք և ոչնչից չենք վախենում, իսկ դժվարություններն ու խնդիրները հաղթահարելը պարզապես յուրաքանչյուրի առօրյայի մասնիկն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր