211652_close_icon
views-count7838 դիտում article-date 14:22 29-11-2017

«Մենք հաղթանակած բանակի զինվորներ ենք և պարտավոր ենք բարձր պահել այդ կոչումը». Լավագույն դիրքապահներ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Օրն արդեն կիսվել էր, երբ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողների հետ զրուցելու նպատակով հասանք Պաշտպանության բանակի գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկը: Չնայած կիզիչ արևին` զինծառայողները սահմանված կարգացուցակի և իրենց առաջադրված խնդիրներին համապատասխան մարտական հերթապահություն էին իրականացնում մեր երկրի արևելյան հատվածում: Դիրքապահի պարտականությունների կատարման, հայրենասիրության և ծառայությանն առնչվող թեմաների շուրջ զրուցեցինք աչքի ընկած զինծառայողներից մեկի՝ շարքային Աշոտ Եղիազարի Ղազարյանի հետ: Նա ծնվել է 1997 թվականի հուլիսի 28-ին Արարատի մարզի Այնթափ համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միս և մսամթերք բաժինը, իսկ առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո 2016 թվականին զորակոչվել ծառայության: Նախքան զորակոչվելը Աշոտը որոշ տղաների նման նույնպես թյուր պատկերացում ուներ ծառայության մասին: Սակայն այժմ չափազանց ուրախ է, առավել ևս հպարտ, որ ծառայում է Պաշտպանության բանակում, կատարում դիրքապահի պարտականությունները: «Ծառայության ընթացքում հասկացել եմ, թե ինչ է հայրենասիրությունը, և որն է ծառայության իմաստը, որովհետև բանակը բավականին փոխում, կրթում ու վերադաստիարակում է բոլորիս: Հասկացել եմ, որ հայ մարդը պետք է ծառայի հայրենիքին, պաշտպանի իր օջախը, որպեսզի ավելի արժևորի հայրենիքը, նրա հերոսական անցյալն ու հավատով լցվի դեպի ապագան: Ես հասկացել եմ այդ ամենը և դրա համար շատ ուրախ եմ: Հպարտ եմ, որ ծառայում եմ Պաշտպանության բանակում: Մենք հաղթանակած բանակի զինվորներ ենք և պարտավոր ենք բարձր պահել այդ կոչումը»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Ղազարյանը: Աշոտն այն զինծառայողների թվին է պատկանում, որը գիտակցաբար է կատարում իր պարտականությունները, և անընդունելի է համարում ոմանց ծառայությունից խուսափելու պատրվակները: «Դա ընդամենը եսասիրություն է, թուլակամություն ու վախկոտություն: Չէ՞ որ ծառայելով հայրենիքիդ` դրանով նպաստում ես նաև ընտանիքիդ անվտանգության ապահովմանը, չէ՞ որ, բացի նյութականից, կան նաև այլ կարևոր արժեքներ, և ես պատրաստ եմ ցանկացած պահի պաշտպանել արժեքների արժեքը՝ իմ հայրենիքը»: Նա երախտապարտությամբ խոսեց իր հրամանատարների մասին, որոնք ամեն ինչ անում են ծագած դժվարությունները հաղթահարելու, մասնագիտությանը տիրապետելու և առաջացած խնդիրները լուծելու համար: «Բացի նրանից, որ տարիները հնարավորություն են տալիս փորձ կուտակել, մեր հրամանատարները բավականին ժամանակ համբերությամբ են տարել զինծառայողների կամակորությունները և նպատակադիր ու համառ ջանքերի շնորհիվ կարողացել են մեզ դարձնել այնպիսին, ինչպիսին որ կանք՝ ավելի գիտակից, պատրաստված ու ոգեպես ավելի ամրապնդված»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է շարքային Ա. Ղազարյանը: Ծառայության ընթացքում շարքային Ա. Ղազարյանի վերաբերմունքը հայրենիքի և հայրենասիրության նկատմամբ բավականին փոխվել է, ամրապնդվել այն համոզմունքը, որ յուրաքանչյուրն իր գործունեությամբ պետք է նպաստի հայրենիքի հզորացմանը: «Զինծառայությունից հետո ևս փորձելու եմ իմ գործունեությամբ օգնել հայրենիքիս, ձգտելու եմ դառնալ հայրենիքիս պիտանի զավակ, դրանով իսկ նպաստելով իմ, ընտանիքիս ու հայրենիքիս կայացմանն ու հզորացմանը»,- ասում է նա: Մեր հեռանալու պահին շարքային Ա. Ղազարյանը որպես բարեմաղթանք նշեց, որ կցանկանար, որպեսզի բոլոր հայերն առանց երկմտելու ծառայեն հայոց բանակում, որովհետև յուրաքանչյուրի գործելաոճից ու պահվածքից, բոլորիս համատեղ ջանքերից է կախված մեր Հայրենիքի վաղվա ճակատագիրն ու հզորությունը: «Իսկ բոլոր ծնողներին կոչ կանեի զինվել համբերությամբ, շատ չանհանգստանալ, այլ հպարտանալ, որ իրենց զավակները հայոց հաղթանակած բանակի զինվորներ են և գնացել են պաշտպանելու ավագների փայփայած ու արյամբ գծված հայրենիքի սահմանները»,- իր խոսքը եզրափակեց շարքային Ա. Ղազարյանը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր