ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կհանդիպեն Բաքվում
Բաքվում տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առաջին անգամ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները սառեցնելու մասին։
«Գեներալ Պյոտր Պավելը՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը և գեներալ Վալերի Գերասիմովը՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության առաջին փոխնախարարը 2017 թվականի սեպտեմբերի 7-ին կհանդիպեն Բաքվում»,-ասված է ՆԱՏՕ-ի կոմյունիկեում։
Նշվում է, որ հանդիպումը դառնալու է շարունակությունը այս տարվա մարտի 3-ին երկու գեներալների միջև կայացած հեռախոսազրույցի։