4402 դիտում
15:31 02-09-2017
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:
Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:
Մարզի տնտեսավարող սուբյեկտների և օտարերկրյա ներդրողների կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Գյումրիում և Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:
Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը՝ նկատի ունենալով, որ մարզը հարուստ է պատմամշակութային և հնագիտական հուշարձաններով: Այս առումով կարևորվել է Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Հառիճի և Մարմաշենի վանական համալիրների, Երերույքի տաճարի դերը, որոնք հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկն իր ուրույն
կենսաբազմազանությամբ էկոզբոսաշրջային կլաստերի կազմակերպման լավագույն տարածքն է:
Անդրադառնալով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտներին՝ վարչապետը նախ անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ և համապատասխան ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:
Վարչապետը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը և ավելացրել, որ կառավարության նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն զեկուցել է, որ այժմ իրականացվում է սերմաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է Գյումրիի սելեկցիոն կայանի, Սյունիքի սերմնաբույծների միության և էջմիածնի կայանի գործունեության արդյունքում արտադրել բարձր վերարտադրության սերմեր, որի նպատակն է Հայաստանում գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով: Վարչապետին ներկայացվել է նաև մարզում տեսքտիլի ոլորտի զարգացման ծրագիրը:
Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է, և պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաև վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:
Տեղեկացվել է, որ մարզում ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արձանագրվել է համայնքների սեփական եամուտների 15 տոկոսի աճ, մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 9 հազար 500 դրամ, ինչը բավականին բարձր է մի շարք մարզերի մարզերի ցուցանիշներից: Վարչապետը հետաքրքրվել է այլ մարզերի նկատմամբ համայնքների սեփական եկամուտների հետ կապված վերլուծությունների ընթացքից և գոհունակություն հայտնել կատարվող աշխատանքներից: «2018 թվականին համայնքների բյուջեների պլամանավորման ժամանակ համայնքնապետերին մաքսիմալ պետք է օգնենք և հիմնավորենք, որ նրանք ունեն զարգացման մեծ հնարավորություններ: Սեփական եկամուտների հորիզոնը հստակ սահմանելու ենք ու քայլ առ քայլ գնալու ենք առաջ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել 1763-ի հետ: Վարչապետը կարևորել է աղբահանության ուղղությամբ տեղական բյուջեների ճիշտ կազմակերպումը: «Խնդիրը դնում ենք շատ կոշտ և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետին զեկուցվել են նաև Շիրակի մարզում առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, տեղեկետվական տեխնոլոգիաների ոլորտներում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, համայնքային զարգացման բնագավառներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տեղեկատվություն է ներկայացվել կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
18:43 21-01-2014
Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
1090 դիտում
23:14 23-12-2022
ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
5261 դիտում
22:04 25-08-2018
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են