211652_close_icon
views-count2752 դիտում article-date 19:28 01-09-2017

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնատար անձին կաշառք տալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար անձին: Այսպես, 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է իր համար քրեակատարողական հիմնարկ ներկրել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ: ՔԿՀ-ի աշխատակիցն էլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ընդառաջել է դատապարտյալի խնդրանքին և հիշյալ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանից կաշառք պահանջել: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի հետ կաշառքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ա. Մամիկոնյանը ԱՄՆ-ում բնակվող իր հորը խնդրել է բանկային փոխանցման եղանակով Կ. Պետրոսյանի մատնանշած անձի անվամբ ուղարկել 121.177 ՀՀ դրամին համարժեք 250 ԱՄՆ դոլար: Արդյունքում, որպես կաշառք ստացած գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցը ձեռք է բերել և Ա. Մամիկոնյանին փոխանցել երկու բջջային հեռախոս: Դատապարտյալն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է ՔԿՀ-ում պատիժ կրող այլ անձանց: Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՔԿՀ-ի աշխատակիցը նաև պաշտոնեական կեղծիք է կատարել: Մասնավորապես, տեղեկանալով, որ դատապարտյալ Ա. Մամիկոնյանի մոտ խուզարկությամբ բջջային հեռախոս է հայտնաբերվել, Կ. Պետրոսյանը վերջինիս հետ մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով կեղծ տեղեկանք է կազմել, թե հիշյալ հեռախոսը հանձնել է Ա. Մամիկոնյանի ծանոթներին, մինչդեռ իրականում ետ է վերադարձրել նրան: Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակից Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կաշառք տալու համար դատապարտյալ Արմեն Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Մամիկոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր