211652_close_icon
views-count3097 դիտում article-date 18:17 25-08-2017

Փաստաբանների պալատը ցավակցում է ճանաչված փաստաբան Ռուբեն Ռշտունու մահվան կապակցությամբ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, կյանքից հեռացել է ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունին: Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը: Հարգարժան փաստաբանի հարուստ աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նոր փաստաբանների համար: Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից: [b] Ռուբեն Ռշտունու համառոտ կենսագրությունը [/b] Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ: 1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել է քաղաքացիական և քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից: Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած տուժողների շահերը: 1990թ. Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է ձերբակալված հայերին: 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի: 1995-1996թթ.–ին Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։ Միաժամանակ պաշտպանել է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քր. գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ Գալստյանի սպանության մեղադրանքով՝ կանխելով նրանց դատապարտումը։ 1998թ.–ից ստեղծել է «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը 2001–2003թթ.–ին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ 2002–2004թթ–ին եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից: 2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ : Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով: Ուներ 3 երեխա:

Նմանատիպ նյութեր