Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին երկարատև որակազրկման է ենթարկել՝ «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի (3:1) արդյունքներով:
Հանդիպման 82-րդ րոպեին գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոեչեան 32-ամյա պորտուգալացուն երկրորդ դեղին քարտը ցույց տվեց՝ համարելով, որ խաղացողը սիմուլյացիայի է դիմել կատալոնացիների տուգանային հրապարակում: Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն հրել էր մրցավարին:
ԻՖՖ-ն Ռոնալդուի վարքագիծը որակել է ագրեսիվ և նրան որակազրկել հինգ խաղով. 4-ը՝ մրցավարին հրելու, 1-ը՝ կարմիր քարտի համար:
Պատիժը տարածվում է նաև Իսպանիայի առաջնության հանդիպումների վրա: Այժմ Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի առաջնության 4 խաղ՝ «Դեպորտիվոյի», «Վալենսիայի», «Լևանտեի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ: