211652_close_icon
views-count4343 դիտում article-date 14:29 07-08-2017

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին տրված դրական եզրակացությունը։ Ներկայացնում ենք դիմումի բովանդակությունը․ «Հավանաբար տեղյակ եք, որ երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից)՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով, ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ (https://goo.gl/SuprxD): Դրանք մասնավորապես առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։ Այդ վերլուծություններն արվել են այս ոլորտում տասնյակ տարիների գործնական փորձ ունեցող PhD գիտական կոչում ունեցող չորս գիտնականների կողմից։ Դրանցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի վերոնշյալ փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և ԹԱԴ-ի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։ Այս ամենի ուսումնասիրման արդյունքում այդ կազմակերպությունների անկախ փորձագետները եկել են հետևյալ միասնական եզրահանգմանը․ «Ամուլսարի հանքի շահագործումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ բաց մնացած էկոլոգիական բոլոր խնդիրները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել անկախ մարմինների/խորհրդատուների կողմից։ Նրանց հայտնաբերած բացթողումները պետք է ներմուծվեն թթվային և մետաղ պարունակող դրենաժի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե կառավարության, թե ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները»: Մենք ևս ուսումնասիրել ենք անկախ փորձագետների հաշվետևություններն ու համոզվել, որ դրանցում ներկայացված փաստերը գիտականորեն հիմնավորված են և լիովին կարող են իրավական հիմք հանդիսանալ Ամուլսարի ոսկու ծրագրի կասեցման համար։ Դրանք մեկ անգամ ևս հաստատում են տարիներ շարունակ հայ գիտնականների, մասնագետների և էկոլոգների կողմից ներկայացվող տարաբնույթ առարկությունները։ Բազմիցս նշվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում անփորձ և օֆշորային գոտում գրանցված Լիդիանի ներկայացրած հետազոտություններն ու գնահատականներն այն մասին, որ բոլոր հնարավոր վտանգները կառավարելի են՝ ոչ միայն կասկած հարուցող են, այլև՝ իրականությանը չհամապատասխանող։ Բազմիցս ասվել և գրվել է նաև այն մասին, որ ՀՀ կառավարությունը, չունենալով համապատասխան փորձառություն և մասնագիտական կարողություններ, ըստ էության չի իրականացրել սեփական մասնագիտական լուրջ փորձաքննություն, այլ ընդամենը հավատացել է Լիդիանի ներկայացրած փաստաթղթերում ներկայացված ենթադրություններին՝ անտեսելով մնացած բոլոր առարկություններն ու անկախ մասնագետների հիմնավորումները։ Մենք կոչ ենք անում ՀՀ վարչապետին հանձնարարել բնապահպանության նախարարությունը, որպեսզի նա լրջագույնս ուսումնասիրի և գնահատի միջազգային փորձագետների վերոնշյալ փաստաթղթերը, քանի որ նրանցում հստակ նշված է, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Փակման փուլում միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակներից երևում է, որ ռիսկը կայանում է նրանում, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Միջազգային կազմակերպությունների կողմից արված հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետ), ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը (նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը (նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ)։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի և նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, և բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը (դրա մասին տես այստեղ https://goo.gl/s84hmL), Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաև Սևանա լիճը։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված): Վերոնշյալ հետազոտություններն ապացուցում են, որ այդ բացասական ազդեցություններն անխուսափելի են և լիարժեք գնահատված չեն Լիդիանի կողմից։ Միջազգային փորձագետների վերոնշյալ հետազոտությունների արդյունքներն ըստ էության էկոլոգիական նոր գործոններ են, որոնք ի հայտ են եկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետևության փորձաքննությունն իրականացնելուց և դրական եզրակացություն տալուց հետո։ Ուստի առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի նա համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ուժը կորցրած ճանաչի այս նախագծին նախկին նախարարի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը։ Կարծում ենք, որ ՀՀ վարչապետը կունենա բավարար կամք ստեղծված վիճակը օբյեկտիվ գնահատելու համար և կկասեցնի Հայաստանի և տարածաշրջանի կարևորագույն քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները դարեր շարունակ աղտոտման վտանգի առաջ կանգնեցնող այս ծրագիրը։ Միջազգային փորձագետներն ըստ էության արել են այն աշխատանքը, որը տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել անել Հայաստանի պետական մարմինները»։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն Հայաստանի կանաչների միություն «Էկոլուր» տեղակատվական ՀԿ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր