211652_close_icon
views-count2505 դիտում article-date 17:30 03-08-2017

Գյուղական համայնքներում տնային տնտեսությունները նախապատրաստվում են՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար

«Հիմք» բարեգործական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզի Բյուրական, Ոսկեվազ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Օրգով և Տեղեր համայնքներում (որպես մեկ կլաստեր) իրականացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է նշված համայնքներում նպաստել էկոտուրիզմի զարգացմանը՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ, տուրիստական ուղղությունների մշակմամբ ու ուղղորդող նշանների տեղադրմամբ։ «Իմ էկո-ագրո- մշակութային երթուղին» խորագրով ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Հիմք» ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ Բյուրականի Աստղադիտարան-Ամբերդ ամրոց- Արագած լեռ (Քարե լիճ)- Աղձքի դամբարան զբոսաշրջային ակտիվ երթուղիներ են, որտեղ տարեկան ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ է այցելում։ Սակայն տուրիստները միայն այցելում են տեսարժան վայրեր և հեռանում, քանի որ չկան ենթակառուցվածքներ այնտեղ մնալու համար։ Իրականացվող ծրագրի նպատակն է օգնել, որպեսզի համայնքները դառնան հանգրվան՝ հնարավորություն ընձեռելով զբոսաշրջիկներին մնալ այնտեղ և մանրամասն ծանոթանալ տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորություններին։ «Հիմքի» ներկայացուցիչներն աշխատանքներ են տարել համայնքների ընտանիքների հետ, առանձնացվել են տնային տնտեսություններ, որոնք պատրաստ են տուրիստների ընդունելու։ Նրանց հետ անցկացվել են դասընթացներ, արդեն իսկ կատարվել է զբոսաշրջիկների այցելություններ նշված տնային տնտեսություններ։ Որոշ տնտեսություններ արդեն ինքնուրույն են ներգրավում տուրիստների իրենց տներում։ Ծրագրի շրջանակներում 10 երիտասարդներ վերապատրաստվել են էկոտուրիզմի, պատմամշակութային վայրերի և գյուղական ավանդույթների վերաբերյալ թեմատիկ դասընթացների միջոցով։ Մշակվել են նաև տուրիստակն ուղղություններ, որոնք անցնում են վերոնշյալ համայնքներով, տեղադրվել են համապատասխան նշաններ և ցուցանակներ։ Այս ուղղությունների մասին տեղեկությունները տրամադրվել են տուրիստական ընկերություններին։ «Հիմք» ՀԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի սկզբին Գերմանիայում մասնակցելու են համայնքային երիտասարդների զարգացման թեմայով աշխատաժողովի, որի ընթացքում կներկայացվեն նաև նշված ծրագրի շրջանակներում պատրաստված փաթեթները։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր