3777 դիտում
17:10 01-08-2017
Պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասի ՁՊՎ ոստիկան Ա. Մ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Ա. Ա.-ն և ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ կալանավոր Ռ. Ա.-ն, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ա.-ն կանչել է հերթապահող ոստիկան Ա. Մ.-ին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, առանց ՁՊՎ պետի կամ նրա օգնականի մասնակցության բացել է դեպի խուց տանող մետաղյա ճաղավանդակներով երկու դռները, ապա` խցի դուռը, իսկ կալանավորին սանհանգույց ուղեկցելիս բոլոր երեք դռները թողել է բաց վիճակում:
Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ա. Ա.-ն, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:
Այսպիսով, Ա. Մ.-ն պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր գործառութային պարտականությունները, այն է` մշտական հսկողություն չի սահմանել ձերբակալվածների և կալանավորվածների նկատմամբ, խստիվ չի պահպանել ՁՊՎ-ում ընդունված ներքին կանոնակարգը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Մ.-ն կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2466 դիտում
12:30 21-05-2017
Կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ