Հայ զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաև Սփյուռքի ազգային արժանապատվությունը. Աշոտ Ղուլյան
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Մեր զինվորների հետ» ծրագրով Միացյալ Նահանգներից ժամանած «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության մի խումբ անդամների:
Ողջունելով ամերիկահայ երիտասարդներին, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց՝ Արցախ այցելելու և սահմանը պաշտպանող զինվորների հետ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը: Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայության ապագան այսօր կանխորոշվում է Արցախի սահմանին, և կարևոր է համահայկական այն ընկալումը, որ այստեղ կանգնած զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ու ողջ Սփյուռքի ազգային արժանապատվությունը:
Այնուհետև Ազգային ժողովի նախագահը ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, Արցախի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: