211652_close_icon
views-count1558 դիտում article-date 12:28 18-07-2017

ՄԻՊ-ը ներկայացրել է զինծառայողներին պատասխանատվության ենթարկելիս նրանց իրավունքները երաշխավորող նախագծեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը: Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները. · նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել, · հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում, · բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ, · օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, · հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը, · բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը, · հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը, · օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս: Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:

Նմանատիպ նյութեր