211652_close_icon
views-count9623 դիտում article-date 23:57 03-07-2017

Հուլիսի 4-ին սպասվում են հակակառավարական ցույցեր Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»

Անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ Վաշինգտոնում կրկին ցույցեր են, այս անգամ՝ ընդդեմ առողջապահության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների: «Դժբախտաբար, այս խնդիրը էլ ավելի է երկփեղկում հանրությանը, քաղաքական առումով»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Քորբինը: «Ընտրությունը շատ պարզ է: Մենք կամ հրաժարվում ենք ձախողված օրենքից ու փոխարինում այն բարեփոխումների ենթարկված նոր օրենքով, կամ էլ Օբամաքեյրը շարունակում է ձախողվել՝ վնաս հասցնելով միլիոնավոր մարդկանց»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Քորբինը: Դեմոկրատների կարծիքով հանրապետականների առաջարկած փոփոխությունները մեծ վնաս են հասցնելու գործող առողջապահական համակարգին: «Նրանք ցանկանում են հիմնովին վերափոխել մեր երկրի առողջապահական համակարգը, ստեղծելով երկու տարբեր համակարգ, որոնցից մեկը բացառապես կծառայի ազդեցիկ, հարուստ ու արտոնյալ խավին, իսկ մյուս՝ առավել թերի համակարգը կծառայի մնացած բոլորին», - հայտարարել է կոնգրեսական Ջո Քենեդին: Ներկուսակցական պառակտումների պատճառով Սենատի հանրապետական մեծամասնությունը հետաձգել է աղմկահարույց օրինագծի քվերարկությունը: Մինչ չափավոր հանրապետականները դեմ են առողջապահական նոր օրենքով նախատեսվող կրճատումներին, որից ուղղակիորեն տուժելու են սոցիալապես անապահով ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցող անձիք, պահպանողականները բողոքում են գործընթացի ընթացքից: Դեմոկրատները, զուգահեռաբար, շարունակում են հանրությանը ներկայացնել Օբամաքեյրի դրական կողմերը: «Ալիսոնը Արևմտյան Ֆարգոից է: Երկու տարի առաջ նա ախտորոշվել էր կյանքին վտանգ սպառնացող գենետիկական հիվանդությամբ, սակայն այսօր նա ողջ է և լիովին ապաքինված»,- ընդգծել է սենատոր Հեյդի Հեյթքամփը: Դեմոկրատները պնդում են, որ գործող առողջապահական օրենքը չեղարկելու փոխարեն հնարավոր է շտկել թերությունները, իսկ հանրապետականները շարունակում են հավատարիմ մնալ իրենց բազմիցս բարձրաձայնած մոտեցմանը, այն է՝ լիարժեքորեն չեղարկել Օբամաքեյր ծրագիրը: Մինչ հանրապետականները փորձում են ավելի մեծ թվով աջակիցներ ձեռք բերել, հատուկ հետաքրքրություններ հետապնդող խմբերը կոչ են անում հասարակությանը համախմբվել և դուրս գալ փողոց՝ հանրապետականների մշակած այս հակասական օրինագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու համար: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3926402.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր