ԼՂ հիմնահարցում անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի. Է. Նալբանդյան
«Արցախյան կողմը դուրս է մնացել բանակցությունների ընթացքից՝ ի՞նչ քայլեր են արվում Արցախին էլ բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար»,- ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նախարարը պատասխանեց, որ հարցի պատասխանը նշված է բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գրասենյակում։
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասաց Նալբանդյանը։