12900 դիտում
14:25 27-06-2017
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Ա. Բաբլոյանի ելույթը՝ Եվրասիական երկրորդ հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը.
«Միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ ի շահ Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարգավաճման»
«Հարգելի պարոն Չոն, հարգելի պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չոն Սե Կյունին եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանդիպումը նախաձեռնելու համար:
Մենք ողջունում ենք Եվրասիայի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին միասին հավաքելու Ձեր ջանքերը՝ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր:
Հանդիպումը կոչված է միավորել խոշորագույն մայրցամաքի տարբեր երկրների ներկայացուցիչներին, ուր բնակվում է մեր մոլորակի բնակչության ավելի քան յոթանասուն տոկոսը: Եվրասիական տարածաշրջանը, լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների հայրենիք, ունի տնտեսական մեծ ներուժ: Այս համատեքստում այստեղ ներկայացված երկրների քաղաքական, մշակութային եւ տնտեսական բազմազանությունը ամուր հիմք են ստեղծում լուծելու տարածաշրջանային զարգացման ու անվտանգության առավել հրատապ խնդիրները:
Քսանմեկերորդ դարում խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում զգալիորեն բարձրացել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ նույնիսկ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Մենք՝ պատգամավորներս, ազատ ենք մեր որոնումներում լուծումներ տալու հրատապ խնդիրներին եւ պետք է կարեւոր դերակատարություն ունենանք տարածաշրջանային համագործակցության խթանման, կառուցողական երկխոսության առաջխաղացման գործում, ինչը ավելի կամրապնդի Եվրասիայի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահությունը եւ փոխըմբռնումը:
Այսօր, երբ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, երկխոսությունն եւ համագործակցությունն ավելի կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի ու սպառնալիքների պայմաններում, ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալացման պայմաններում անկայունությունը մի տարածաշրջանում կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, պետք է միավորենք մեր ջանքերը ` ապահովելու կայունությունն ու խաղաղությունը:
Հարգելի գործընկերներ, այսօր Եվրասիայում ակտիվորեն զարգանում են բազմազան ինտեգրացիոն ծրագրեր: Մենք շահագրգռված ենք դրանց հաջող առաջխաղացման հարցում: Երկխոսությունը եւ տարբեր ինտեգրացիոն միավորումների միջեւ փոխգործակցությունը կարող են կարեւոր ներդրում ունենալ միասնական, առանց բաժանարար գծերի տարածքի ստեղծման գործում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էականորեն բարձրացրել է մեր տնտեսական եւ առեւտրային հնարավորությունները: Մենք մեծապես կարեւորում է Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը շահագրգիռ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք պատրաստ են իրական համագործակցության:
Հայաստանում մենք կարծում ենք, որ անդամակցությունը մեկ ինտեգրացիոն միավորմանը չի սահմանափակում երկրների համագործակցության հնարավորություններն այլ ինտեգրացիոն կառույցների հետ, եթե այդպիսի փոխգործակցությունը չի հակասում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին:
2016 թ. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացել է երկխոսող գործընկերոջ կարգավիճակ: Մեծ հետաքրքրություն է մեզ համար ներկայացնում նաեւ Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:
Այս տարի մենք պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր իրավական հիմքը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հարգելի գործընկերներ, տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջեւ հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում կան հակամարտող տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձեւաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետեւողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն: Համանախագահների առաջարկը նաեւ նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը հետեւողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, եւ միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:
Տիկնայք եւ պարոնայք, ձգտելով ամրապնդել ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում՝ 2015 թ. մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքում արդեն մեկնարկել է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք ուշագրավ էին միջազգային դիտորդների աննախադեպ քանակով, որոնք հայտարարել են, որ ընտրություններն անցել են լավ կազմակերպված, պահպանվել են հիմնարար ազատությունները, եւ այդ ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի կամքը:
Գործընկերներ, խաղաղության, կայուն զարգացման եւ բարեկեցության ցանկությունը համապատասխանում է մեր ժողովուրդների ձգտումներին:
Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ երբ ճանապարհները նույնը չեն, ծրագրեր միասին չեն կազմում: Մեր դեպքում բոլորս պետք է հավասարապես ձգտենք խաղաղության, բարգավաճման եւ համագործակցության:
Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ձեւաչափը կտեղավորվի ոչ միայն մեր երկրների եւ խորհրդարանների փոխշահավետ համագործակցության շրջանակում, այլեւ կնպաստի միջանձնային շփումների հաստատմանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
20:41 12-12-2022
Արցախի հիմնահարցի քաղաքական լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. ՀՅԴ ԳՄ
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան