Թուրք և հույն հաքերների միջև իսկական պատերազմ է հասունանում
Համացանցում լարվածություն է հասունացել հույն և թուրք հաքերների միջև այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետի կայքը թուրք ցանցահենների կողմից հարձակման ենթարկվեց։ Այդ մասին հայտնել է հունական Star հեռուստաալիքը։
Հունիսի 23-ի ցերեկը Հունաստանի վարչապետի կայքը մի քանի ժամ եղել է անհասանելի։ Թուրք ցանցահենների մի խումբ հայտարարել է, որ իրենք են կոտրել այն՝ կապված Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում Ղուրան կարդալու դեմ ուղղված Աթենքի բողոքի ակցիաների հետ։
«Այա Սոֆիան մերն է»,-հայտարարել է խումբը։
Հունաստանի վարչապետի մամուլի վարչությունը հաստատել է, որ կայքի հետ կապված խնդիրներ կան, սակայն որևէ մեկնաբանություն չի արել հաքերային հարձակման վերաբերյալ։
Դրանից մի քանի ժամ անց հունական Anonymous խումբը Facebook-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ պատասխանը թուրքական կողմին չի ուշանա։
«Դուք մեկն եք կոտրել, մենք կկոտրենք մի քանի հարյուրը»,-ասված է հայտարարության մեջ։