211652_close_icon
views-count141676 դիտում article-date 20:53 22-06-2017

Կրակոցներ Երևանում. գլխի մասում հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի. կրակողը եղել է հերթափոխի պետը

Երեկ՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկներ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում են հիվանդանոց, որտեղ պարզում են, որ հրազենային վնասվածք ստացողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում նշված հասցեի մոտ Ա. Հովսեփյանն ու նրա եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Արթուր Հովսեփյանը, ով աշխատում է «Ավեստաս» ՍՊԸ-ում, անհայտ անձի հետ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ իրենց անծանոթ անձնավորությունը կրակել է Արմանի գլխին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրները հրաժարվել են կատարվածի մասին ոստիկաններին տեղեկություններ հայտնել և միայն ոստիկանների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողությունների արդյունքում է որոշ մանրամասներ պարզվել: Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզում են անծանոթ անձի ինքնությունը և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայանում 25-ամյա Խդր Ամոյանը և խոստովանում, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ գազային ատրճանակն էլ հաշվառված է իր անվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր