1937 դիտում
13:05 21-06-2017
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, որում ասված է.
«Սիրելի բուժաշխատողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Սովորաբար այս տոնն առիթ է խոսելու բժշկի և, առհասարակ` բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին։
Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, առողջապահության կազմակերպչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում են մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար։
Օրը նաև առիթ է ձեռքբերումներն ամփոփելու և առկա խնդիրներին անդրադառնալու։ Առողջապահական համակարգը քիչ հաջողություններ չի արձանագրել բնակչության առողջության պահպանման, պատշաճ բժշկական օգնության տրամադրման գործում։ Ինչ խոսք, կան նաև դժվարություններ ու չլուծված խնդիրներ։
Այսօր մենք ձեզ հետ միասին ոլորտում լուրջ փոփոխությունների իրականացման սկիզբ ենք դրել։ Տոնական օրը չծանրաբեռնելով` միայն ընդգծեմ, որ սոցիալական ուղղվածություն ունեցող մեր բոլոր բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում։ Դրանք մի կողմից միտված են բնակչությանն ավելի որակյալ և հասանելի բժշկական ծառայությունների ապահովմանը, մյուս կողմից` բուժաշխատողի պատվի ու արժանապատվության պաշտպանվածությանը։
Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Բոլորովին վերջերս Բուենոս Այրեսում կայացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են ներշնչում, որ մեր առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից կդառնան նաև սփյուռքահայ մեր գործընկերները։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռազմական բժիշկներին և և սահմանամերձ համայնքների մեր բուժշխատողներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։
Բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն և անձնական երջանկություն, լավատեսություն և հավատ առ այն, որ համատեղ ջանքերով կկարողանանք երկրի առողջապահական համակարգը դարձնել շատ ավելի լավը»։
Նմանատիպ նյութեր
2801 դիտում
11:34 22-06-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 20.06.2014
1119 դիտում
12:33 21-06-2014
ՀՀ առողջապահության նախարարի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ
18781 դիտում
20:30 15-01-2017
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ հոգեհանգիստը կկայանա վաղը
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2869 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր