211652_close_icon
views-count1574 դիտում article-date 12:05 20-06-2017

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ կարեւորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Հյուրերի խնդրանքով տիկին Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներով նախատեսված կարգավորումները: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է միջազգային գործընկերների, հատկապես Եվրոպայի խորհրդի աջակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենքներն ինստիտուցիոնալ տեսանկյունից արդյունավետորեն կյանքի կոչելու հարցում: Արփինե Հովհաննիսյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ համագործակցության ծրագրերին:

Նմանատիպ նյութեր