Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի առաջին ներդրողը կլինի Արմեն Ամիրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում այսօր՝ հունիսի 15-ին, խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, որը նիստի ավարտին տեղեկացրեց՝ Հիմնադրամի առաջին ներդրողը կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` անձնական միջոցներից:
Հիմնադրամի նպատակն է՝ ներդրումային և նորարարական քաղաքականության արդյունքում բարելավել Գյումրու թատրոնի նյութական, իսկ աշխատակիցների սոցիալական վիճակը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներն են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկի Անահիտ Քոչարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Հիմնադրամի տնօրենն է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։


