Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 40–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, ովքեր գտնվում են ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 5-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտակ Հարույթյունյանը Ագարակ-Յաղդան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 37 TT 337 համարանիշի ավտոմեքենայով ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:  Նրա գահավիժումը կանխվել է բետոնների և երկաթե խողովակների կողմից: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող  5 ուղևորներից  4-ը, որից 2-ը երեխաներ են ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին  հայտնել են, որ  երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:  
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահա Էվինյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը,  ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղանքում ՃՈ տեսուչ Ռադիկ Ներսիսյանի հետ կատարել են հսկողություն՝ մինչև կժամաներ ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, որոնց տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը: 
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ  Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


