Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  հունվարի 15-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 01 ԼR 055 համարանիշի, Mercedes  մակնիշի 04 MM 500 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 GQ 956   համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի, որից  2-ը ծայրահեղ ծանր ախորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին  հայտնել են,  որ  2-ին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Սերյոժա Վարդանյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հ. Սողոյանի հանձնարարականով նույն վաշտի հետաքննիչ Մայիս Դադոյանը ավտոմեքենաները քարշակի  միջոցով տեղափոխեց ոստիկանության Հրազդանի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


