Լեյբորիստներն ընդդեմ ազգայնականների․ Օֆշորային սկանդալից հետո Մալթայում արտահերթ ընտրություններ են անցկացվում
Հունիսի 3-ին Մալթայում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնում է MaltaToday-ը։ Առաջադրված 209 թեկնածուները պայքարում են խորհրդարանի 65 տեղերի համար։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 341.8 հազար ընտրող:
Ընտրարշավը տևել է 33 օր: Ամենամեծ պայքարը մղվում է Լեյբորիստական կուսակցության (գործող վարչապետ Ջոզեֆ Մուսկատի առաջնորդությամբ) և Ազգայնական կուսակցության (Սիմոն Բուսուտիլի առաջնորդությամբ) միջև:
Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն հունիսի 4-ի առավոտյան:
Աղբյուրը հիշեցնում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պատճառ է հադիսացել օֆշորային սկանդալը: Վարչապետ Մուսկատը ազատել է իր աշխատակազմի ղեկավարին, էներգետիկայի և առողջապահության նախարարներին, երբ հայտնի է դարձել, որ նրանք օֆշորային ընկերություններ ունեն Պանամայում և Վիրջինյան կղզիներում: Սակայն այդ պաշտոնանկությունները հասարակությանը չեն բավարարել։ Եվ իշխանությունները, ստիպված, արտահերթ ընտրություններ են անցկացնում։
Հիշեցնենք, որ Ջոզեֆ Մուսկատի կուսակցությունը իշխանության էր եկել 2013-ին, նույնպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։