211652_close_icon
views-count3324 դիտում article-date 19:32 31-05-2017

Սեպտեմբեր-հոկտեմբերից ծխախոտը 3-4 անգամ թանկանալու է Հայաստանում. Դավիթ Պետրոսյան

Ծխողների թիվը 10 տոկոսով պակասել է: Այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը։ «1990 թվականին 15 տարեկան և ավելի մեծ տղամարդկանց թիվը կազմում էր 63%, 10 տարի հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ թիվը 10%-ով պակասել է, սա խոսում է, որ գործիքներ ազդել են, սակայն մարդը չի կարող նկատել, որ ծխողների թիվը 10 տոկոսով պակասել է: Հիմա երիտասարդների մեջ մեծացել է թիվը, որոնք նախընտրում են չծխելը, իսկ ծխող դեռահասների տոկոսը պակասել է: Եթե ես հիմա ասեմ, որ չեն ծխում, քանի որ մտահոգված են, սուտ կլինի, քանի որ իրենց ապագա հիվանդություններով չես վախեցնի: Բանն այն է, որ մենք հիմա ավելի բաց երկիր ենք ու նկատում ենք, որ ծխելն այլևս մոդայիկ չէ»,- ասաց Պետրոսյան: ՀՀ Ամերիկյան համալսարանի «Զուարթ Ավետիսեան Օնանեան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը շեշտեց, թե ծխելը պարզապես վատ սովորություն չէ, այլ հիվանդություն է: Նրա գնահատմամբ՝ օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրները կարգավորվել են, սակայն դեռևս թերի է ծխախոտային կախվածության դեմ բուժման ոլորտը: Դավիթ Պետրոսյանը հավելեց, որ կառավարությունը պատերազմ է հայտարարել ծխելու դեմ։ Նախանշված է 30-40 տոկոսով պակասեցնել ծխողների թիվը։ Եվ ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց համարում է գների բարձրացումը. «Ամենաարդյունավետ մեթոդը ծխախոտի թանկացումն է։ Հայաստանում ծխախոտը 3-4 անգամ թանկանալու է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից սկսված»,- շարունակեց Պետրոսյանը: Արուսյակ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ծխախոտի թանկացման հետևանքով ավելացված շահույթն ու հարկերը ի՞նչ ոլորտի մեջ են ներդրվելու․ «Եթե գները բարձրացնելու են, որ խեղճացնեն ծխող մարդուն, ապա սխալ է։ Ո՞ւր է գնալու գումարը, գնալո՞ւ է առողջապահական ծախսերին»:

Նմանատիպ նյութեր