Ժան-Միշել Բասկիայի անանուն նկարը աճուրդում վաճառվել է 110 միլիոն դոլարով
Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը 110,5 միլիոն դոլարով վաճառվել է ամերիկյան նկարիչ նեոէքսպրեսիոնիստ Ժան-Միշել Բասկիայի անանուն նկարը: Այս գինը ռեկորդային է աֆրոամերիկացի նկարիչի համար, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39972387]BBC[/url]-ն:
Նկարի աճուրդային սակարկումներ տևել են 10 րոպե: Նկարը գնել է ճապոնացի մոդելյոր Յուսակու Մաեձավան: Վերջինս անցյալ տարի ևս աճուրդում գնել էր Բասկիայի մեկ այլ կտավ: Նա մտադիր է այս նկարչի թանգարան բացել:
Նշենք, որ Ժան-Միշել Բասկիան ծնվել է Նյու Յորքում, մահացել՝ 1988թ. 27 տարեկանում, թունավորվելով թմրանյութերից: Ստեղծագործել է ընդամենը 7 տարի: Վերոնշյալ նկարը ստեղծվել է 1982 թվականին:
Իր մասին Բասկիան ասել է. «Աշխատելիս չեմ մտածում արվեստի մասին: Մտածում եմ կյանքի մասին»: