211652_close_icon
views-count14934 դիտում article-date 20:08 10-05-2017

Հայկական մուրաբաներով և հյութերով բարձված առաջին բեռնատարն ուղևորվեց դեպի Աբու Դաբի՝ 5+ -աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար

Այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանում օրգանական և բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոներով, մուրաբաներով և հյութերով բարձված բեռնատարն ուղևորվեց դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 5+ -աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար։ Պայմանագիրը «Թամարա Ֆրութ» և «Al Falaj» ընկերությունների միջև կնքվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի և գործընկեր կառույցի՝ Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում։ Արաբական գործընկերն արդեն 15 կոնտեյներ հայկական օրգանական և բնական արտադրանք է պատվիրել։ Հայկական արտադրանքն արաբական երկրների հյուրանոցներում կտարածվի NOHF (Natural organic healthy food- բնական, օրգանական, առողջ սնունդ) մակնշմամբ: Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Ամեն Ավակ Ավակյանը, Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը և ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «Թամարա Ֆրութի» պահեստներ, հետևել արտահանման ընթացքին, գործարարի հետ քննարկել հնարավոր խնդիրներն ու աջակցման նոր ծրագրեր։ «Հիմնադրամը շարունակելու է գործունեությունն արտահանման զարգացման ուղղությամբ, քանի որ արտահանումը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Համագործակցությանը էապես նպաստեց մարտին 22-ին Աբու Դաբիի ներդրումային համաժողովը՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Այն բավականին արագացրեց գործընթացը։ Մարդիկ հավատացին, վստահեցին Հայաստանին»,- նշել է «Թամարա Ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։ «Այս արտադրանքի և՛ որակը, և՛ գինը համապատասխանում է արաբական շուկայի պահանջներին ու գներին»,- նշել է «Ալ Ֆալաջ» ընկերության գործադիր տնօրեն Համադ Ալ Շահեյը։ «Սա Աբու Դաբիի համաժողովի ներդրումային համաժողովի տեսանելի արդյունքներից մեկն է, և շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ շարունակաբար քայլեր ենք իրականացնում։ ԱՄԷ հետ ապրանքաշրջանառության հարցերը պարբերաբար քննարկում են Սուրեն Կարայանը և իր ԱՄԷ գործընկերը»,- նշել է ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր