211652_close_icon
views-count2706 դիտում article-date 19:37 04-05-2017

Ռուս գործընկերներին տպավորել է Երևան քաղաքի պատմության թանգարանի «Էքսկուրսիան՝ անակնկալով» ծրագիրը

Մայիսի 4-5-ը Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում նախատեսված հանդիպումների համատեքստում Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի` Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Կուրնոսովը, Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի փոխտնօրեն Տատյանա Լարինան, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» աշխատակազմերը` տնօրենների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում սանկտպետերբուրգցի և երևանցի գործընկերները ներկայացրել են իրենց թանգարանների պատմությունը, հիմնական ցուցադրություններն ու առաջիկա նախաձեռնությունները: Պատմական ակնարկներ են ներկայացվել Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի և «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի գործունեության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների հետ ունեցած թեմատիկ համագործակցության վերաբերյալ: Ռուս գործընկերներին հատկապես տպավորել է Երևան քաղաքի պատմության թանգարանի «Էքսկուրսիան՝ անակնկալով» ծրագիրը, որի ժամանակ ազգային տարազներով ուսանողներն ավանդական նախահարսանեկան թատերականացված ծեսով ներկայացնում են թանգարանի` կենցաղը բնութագրող սրահը: Կողմերը քննարկել են նաև համագործակցության ուղղություններն ու երկու քաղաքներում փոխայցերի միջոցով թանգարանային ցուցադրություններ կազմակերպելու հեռանկարները:

Նմանատիպ նյութեր