3525 դիտում
15:32 04-05-2017
Մայրաքաղաքի անվտանգության արշավը մեկնարկել է. բարձրացվում են աշակերտների՝ երկրաշարժերին դիմակայելու կարողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 4-ին Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես նաև՝ 98 հիմնական դպրոցի ԱՌՆ և ԱԻ խորհրդի, արձագանքող ուժերի փոխգործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, Երևանի շտապ բուժօգնության, ոստիկանության, Հայկական Կարմիր խաչի, «Երևանգազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ»-ի, «Երևան Ջուր» ընկերության վթարային խմբերի և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ստեղծված իրավիճակի համաձայն՝ մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ կայանները Գառնիի խզվածքում՝ 18կմ խորության վրա, գրանցել են 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ, տևողությունը՝ 10 վայրկյան: Աղետի հետևանքով վնասվել են դպրոցի հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ: Ուսումնավարժության ընթացքում գործի է դրվում 98 դպրոցի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը:
Ուսումնավարժության պլանի համաձայն՝ դպրոցի տարհանման և պատսպարման կազմակերպման խումբը ուղեկցում է տարհանվողներին ԱՌՆ և ԱԻ պլանով նախատեսված դպրոցի հետնամասում գտնվող անվտանգ վայր, ինչպես նաև՝ իրականցնում է հասարակական կարգի պահպանում: Տարհանման հավաքատեղիում ուսուցիչները ստուգում են աշակերտների և դպրոցի աշխատակիցների թվաքանակը և այդ մասին զեկուցում է ԱՌՆ և ԱԻ խորհրդի ղեկավարին, որն էլ իր հերթին զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին: Մինչև փրկարար ուժերի ժամանումը դպրոցի ԱՌՆ և ԱԻ խմբերն իրականացնում են շենքի վթարային անջատում, առաջին բուժօգնություն, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ:
Այս գորոծողությունների ընթացքում գործնականում ստուգվում և կատարելագործվում են դպրոցի աշակերտների և անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները: Իսկ փրկարարական ուժերի և արձագանքող այլ կառույցների ներգրավումը հնարավրություն է տալիս բարձրացնել շահագրգիռ բոլոր կողմերի միջև համագործակցության արդյունավետությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց միջոցառման ընթացքը՝ ընդգծելով ուսումնավարժության կազմակերպվածության բարձր մակարդակը.
- Շատ գովելի էր հատկապես դպրոցի տնօրինության և անձնակազմի պատշաճ պատրաստվածությունը: Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններից հետո բոլոր կրթօջախներում և հաստատություններում արդյունքները նկատելի և շոշափելի են: Շատ կարևոր է, որ մեր մատաղ սերունդը դպրոցներում պատրաստ լինի դիմագրավել ցանկացած աղետի: Դա մեզ համար գերակա հարց է: Նշեմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Բազում օրինակներ ունենք, երբ կազմակերպություններն իրենք են դիմում մեզ իրենց տարածքում ուսումնավարժություն անցկացնելու խնդրանքով: Մենք պատրաստ ենք բոլորի հետ հավասարապես աշխատել, - եզրափակեց Ն. Նազարյանը:
Թիվ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների նախարարության և ներգրավված մյուս կառույցների աշխատակիցներին, կարևորեց մնան ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը՝ նկատեց, որ 98 դպրոցի անձնակազմը և աշակերտները տարին 2 անգամ կատարում են նման աշխատանքներ՝ մասնավորապես տարհանման վարժություններ:
Քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվության գոտում, շատ կարևոր է, որ երեխաները պատրաստ լինեն երկրաշարժի դեպքում պահպանել համապատասխան վարքականոնները: Կարծում եմ՝ ուսումանավարժությունը կարելի է ստացված համարել: Շնորհակալություն ենք հայտնում ԱԻ նախարարության բոլոր աշխատակիցներին նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, - ասաց Մ. Ավագյանը:
Մայիսի 10-ին քաղպաշտպանական թեմայով ուսումնավարժություն կանցկացվի Երևանի պետական համալսարանում՝ որի ընթացքում կստուգվեն և կկատարելագործվեն ուսանողների գիտելիքներն ու հմտություննները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
21:49 02-11-2016
Հայաստանը զարգացնում է տեխնածին աղետներին դիմակայելու կարողությունները