211652_close_icon
views-count12319 դիտում article-date 15:32 18-04-2017

ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել. ավելի քան 140 երիտասարդ ստացավ կուսակցական անդամատոմս

Ավելի քան 140 երիտասարդ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ստացել է կուսակցության անդամատոմս։ Անդամատոմսերը երիտասարդներին են հանձնել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Կարեն Ավագյանը, դիմելով կրտսեր կուսակիցներին, իր շնորհակալությունն է հայտնել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրելու համար։ Նա ընդգծել է, որ մինչև անդամագրվելը վերջիններս երկար ճանապարհ են անցել։ Նրանց հետ աշխատել են, ներկայացրել Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը, պատմությունը, ծրագերը, կուսակցական աշխատանքը, ինչից հետո որոշում են կայացրել անդամակցել ՀՀԿ-ին։ «Առանց ձեզ մեզ ինչ-որ բան պակասելու էր։ Ձեր տարիքային խումբը մեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդական ծրագրերն ավելի ամբողջական լինեն։ Ձեր անմիջական մասնակցությամբ, ձեր առաջարկով և նախաձեռնությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու։ Եվ այս անդամագրումները միայն թղթի վրա չեն։ Մենք միշտ ունենք թարմ գաղափարների, նոր մարդկանց կարիք։ Մենք իրականում ունենք մարդկանց կարիք, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել և իրենց օրինակը դարձնել վարակիչ այլ երիտասարդների համար»,- ասել է Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մեծ վստահություն է վայելում կուսակցության ներսում, կառույցը գտնվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ինչը մեծ պատասխանատվություն է։ ՀՀԿ նախագահի տեղեկալ Արմեն Աշոտյանը, իր խոսքն ուղղելով երիտասարդ գործընկերներին, շեշտել է, որ հանրապետական լինելը դժվար է։ «Հանրապետական լինելն այս ընթացքում շատ ավելի դժվար է, քան ցանկացած այլ քաղաքական ուժի անդամագրվելը, որովհետև դուք միանգամից մտնում եք հոգսի տակ, որովհետև ոչ մի այլ կուսակցության անդամի հետ մարդիկ չեն խոսելու չլուծված խնդիրների, մեր առջև կանգնած բազում մարտահրավերների, կենցաղային հոգսերի մասին։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան, որովհետև պահանջում են նրանից, ով կարող է։ Եվ կիսվում են նրա հետ, ում վստահում են։ Շատ կուզեմ, որպեսզի դուք շարունակեք հավատալ ձեր գործին, քանի որ քաղաքականությունն առանց հավատի չի լինում»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ կոչ անելով երիտասարդներին լավ սովորել, լինել լավ, հայրենասեր քաղաքացի։ Վրույր Քոչարյանը, այսօր ստանալով ՀՀԿ անդամատոմսը, նշում է, որ հանրապետական դառնալը մեկ օրվա որոշում չէ։ Արդեն երկու տարի համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ, սակայն անդամագրվելու որոշում նոր է կայացրել։ Այս ընթացքում ծավալել է հասարակական և քաղաքական գործունեություն, մասնակցել է ՀՀԿ բազմաթիվ ծրագրերի, հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք կյանքի են կոչվել։ Վրույրն ավարտել է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը, որը խորը և հիմնավոր գիտելիքներ է տվել իրեն։ Նա նաև ընդգծում է, որ միշտ ընտրում է դժվար ճանապարհներ։ Կարող էր ընտրել այլ կուսակցություններ և մրցակցության մեջ մտնել ընդամենը մի քանի խելացի երիտասարդների հետ։ Սակայն ընտրել է ՀՀԿ-ն, որտեղ կան հազարավոր խելացի երիտասարդներ, և բնականաբար, ավելի դժվար ու հետաքրքիր է նրանց հետ աշխատելը։ Նա նաև փաստում է, որ ՀՀԿ-ն մեծ տեղ է տալիս երիտասարդներին, օգտագործում նրանց ներուժը։ [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր