211652_close_icon
views-count2737 դիտում article-date 13:35 23-03-2017

Հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք. վարչապետն այցելել է Արարատի մարզ

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելել է Արարատի մարզ: Մասիսի, Վեդիի, Արարատի և Արտաշատի բնակիչների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀԿ նախընտրական ծրագրին, կառավարության վերջին վեց ամիսների գործունեության արդյունքներին: «Այս ամսվա վերջին կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ կտրամադրենք գրավոր հաշվետվություն, որը ցույց կտա, որ նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը՝ ավելացնելով, որ 2017թ-ի առաջին երկու ամիսներին, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արձանագրվել է առևտրային ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, որի մեջ՝ 107 տոկոս հանքարդյունաբերության աճ, 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքների արտադրության աճ, 147 տոկոս ՏՏ ոլորտի աճ, 3 անգամից ավելի ոսկերչության աճ և այլն: «Շատ տրամաբանական է, եթե հարց տաք, որ այդ թվերը լավ են հնչում, սակայն մեր կյանքի որակը չի փոխվել: Այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մենք դեռ շատ քայլեր պետք է անենք, որ հասնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություններ կլինեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Խոսելով սոցիալական ոլորտի փոփոխություններից` ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծախսերի արդյունավետության բարձրացման վրա: «Սոցիալական ոլորտում մեր բարեփոխումները հետևյալն են` այն նույն միջոցները, որոնք մինչն այսօր ծախսում էինք ոչ այնքան արդյունավետ, նույն ծառայություններն անելու ենք ավելի որակյալ և 20-30 տոկոս ավելի շատ մարդկանց է հասանելի դառնալու»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ 2017-ը հայտարարվել է չորս գործառույթների տարի՝ խնդիրների ախտորոշում, սանիտարիզացիա, պետական կառավարման բարեփոխումների սկիզբ, կայունացում: «Այս չորս գործառույթը չափազանց կարևոր է մեզ համար, որի իրականացման պարագայում ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի 2018-ին ունենանք պարբերական կայուն, հաստատակամ, առողջ աճ: Չունենք ոլորտ, որտեղ բարեփոխումների կարիք չլինի, այդ իսկ պատճառով բոլոր ոլորներում իրականացնելու ենք փոփոխություններ, որոնք արդեն մասամբ սկսել ենք: Դրանք կբաժանեի երեք մասի՝ կառավարման, տնտեսական և սոցիալական: Հավանաբար նկատել եք կառավարման ոլորտում փոփոխությունները, թե կառավարության կազմի առումով, թե որոշում կայացնելու: Մենք փորձել ենք բալանսավորել պատասխանատվությունն ու պարտավորությունները, որպեսզի դիզբալանս չլինի: Մեծ փոփոխություններ են նախատեսվել տարածքային կառավարման ոլորտում»,- ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ վերլուծելով այսօրվա իրավիճակը, սկսելով բարեփոխումները, ՀՀԿ-ն ներկայացրել է համալիր ծրագիր, որտեղ խոսում է բոլոր խնդիրների մասին: «Ուսումնասիրելով տարբեր երիրկրներում իրականացված բարեփոխումները, որոնք բերել ենք արդյունքի, հանգել ենք եզրակացության, որ մենք որևէ պատճառ չունենք, որպեսզի չունենանք բարեկեցիկ պետություն, ուստի պետք է անընդհատ պետք է աշխատենք»,- ասել է Կարեն կարապետյանը: Կարևորելով հետադարձ կապը քաղաքացիների հետ՝ ՀՀԿ նախագահի առաջաին տեղակալը նշել է, որ ՀՀ քաղաքացին պետք է մշտապես ակտիվորեն դրսևորի իր քաղաքացիական դիրքորոշումը, լինի անհանդուրժող խնդիրների, հիվանդությունների նկատմամբ: «Մեր ուսումնասիրած պետությունների բոլոր բարեփոխումները և ծրագրերը եղել են հավակնոտ ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ, եղել է մեծ կամք, նպատակասլացություն և կոշտություն: Այն համալիր ծրագիրը, որն ունենք մենք, բավարարում է այս հատկանիշներին: Ռեալ, նպատակասլաց գնալու ենք դրան, իսկ ձեր մասնակցության դեպքում այս փոփոխությունները միանշանակ կլինեն արագ և հաստատակամ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Խոսելով ՏՏ ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարությունը ներկայացնելու է առաջարկություններ, որպեսզի այն որակապես նորովի զարգանա: «Համացանցում տեղադրվել է տեսահոլովակ, որը կոչվում է «Ինովացիաների ազգ», վստահ եմ, որ չկա մի հայ, որն այն դիտելուց հետո չհպարտանա, որ հայ է: Այն հստակ օրինակներով ցույց է տալիս, թե աշխարհում որքան բան ենք մենք փոխել: Իրականում հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք»,- շեշտել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Նմանատիպ նյութեր