Քննարկվել են Կանադայի ու Հայաստանի միջև սննդամթերքի արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր
                        ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ: 
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման  ոլորտում հայ-կանադական համագործակցության ուղղություններին և այդ համատեքստում կարևորել այսօր Երևանում ստորագրվող՝ Հայաստանի և Կանադայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիրը, որով փոխգործակցությունը զարգացնելու նոր հեռանկար կբացի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանադացի գործընկերներին  տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող կենդանական ծագման ապրանքների ներմուծմանը, ինչպես նաև կանադական ընկերությունների արտադրանքին ներկայացվող սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

