211652_close_icon
views-count3083 դիտում article-date 12:52 19-03-2017

Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մշակվել է փաստաթուղթ՝ ուղղված քաղաքական կուսակցություններին և դաշինքներին

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և կառավարվող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից մշակվել է փաստաթուղթ՝ ուղղված 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցություններին և դաշինքներին: Փաստաթուղթը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հիմնական ոլորտային առաջարկություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մարտի 18-ին ժամը 14:00-ին  Արմենիա Մարիոթ հյուրանոցի Մասիս սրահում տեղի  ունեցավ քաղաքական կուսակցությունների կողմից հարթակի փաստաթղթի ստորագրման միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին 2017 թվականի  Ազգային Ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն ունեցավ 10 րոպեի սահմաններում ներկայացնել իր նախընտրական ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման տեսանկյունից: Այնուհետև կուսակցությունները և դաշինքները ստորագրեցին քաղաքական հարթակի փաստաթղթի տակ և դրանով պարտավորություն ստանձնեցին  ընտրվելուց հետո իրականացնել փաստաթղթում նշված բարեփոխումները: Կից ներկայացնում ենք քաղաքական հարթակի փաստաթղթի վերջնական տարբերակը, որին միացել են 60 հասարակական կազմակերպություններ: ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ Ներածություն Սույն փաստաթուղթը մշակվել եւ համաձայնեցվել է Հայաստանում գործող 22 հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված եւ կառավարվող եւ 38 քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Այն ուղղված է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներին՝ ընտրվելուց հետո իրենց ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները եւ պահանջները ներառելու նպատակով: Հիմնավորում Ըստ 2017 թվականի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` Հայաստանում հաշվառված են 205.166 հաշմանդամություն ունեցող անձինք: Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հանդիպող խնդիրները: Անմատչելիության եւ խտրական վերաբերմունքի հետեւանքով մշտապես խախտվում են հաշմանդամություն ունեցող անձանց կրթական, առողջապահական, զբաղվածության, քաղաքական մասնակցության, ազատ տեղաշարժման, տեղեկատվությունից օգտվելու եւ մի շարք այլ իրավունքներ: Նրանք մնում են երկրում ամենաաղքատ խավը: Թեեւ հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելված է 2010 թվականին Հայաստանի կողմից վավերացված ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով, մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպես նաեւ գործող տարբեր իրավական ակտերով, սակայն Հայաստանում խտրականությունը կանխարգելող եւ արգելող գործուն ու արդյունավետ մեխանիզմներ դեռեւս չկան: Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, եւ Ազգային ժողովի դերը առավել քան բարձրանում է: Հաշվի առնելով այս կարեւոր գործընթացը, սպասվող բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները, որոնք ապագայում կիրականացվեն եւ որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ կուսակցություններին առաջարկվում է քաղաքականությունների ձեւավորման փուլում ներառել սոցիալական այս խմբի կարծիքները: Ներկայացվում է փաստաթուղթ, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հիմնական առաջարկություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ եւ կարող են հիմք հանդիսանալ ընտրություններում առաջադրված կուսակցությունների քաղաքական ծրագրերի նախագծման եւ իրականացման համար: Ինչպես նաեւ կհանդիսանան երաշխիք՝ խորհրդարան անցնելու դեպքում իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրառմանն ու պաշտպանությանն ուղղված օրենսդրական գործունեություն: Մեր առաջարկություններից յուրաքանչյուրը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի կարիքներին ուղղված անհապաղ գործողությունների ուղեցույց է, եւ մեր ապագա կառավարությունը կարող է օգտվել դրանից: Առաջարկությունների իրագործումից կարող են շահել ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձինք, այլ նաեւ ամբողջ հանրությունը՝ մասնավորապես ծերերը, մանկահասակ երեխաներ ունեցող ծնողները, ցածր գրագիտություն ունեցող անձինք եւ այլն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր