211652_close_icon
views-count1885 դիտում article-date 12:05 08-03-2017

Հայ կանայք կրթել են հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր. Գարեգին Բ կաթողիկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով: Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ և պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն և ամուր պահելով հայ ընտանիքը: Սիրելի տիկնայք և օրիորդներ, ուրախ ենք, որ այսօր բարեպաշտ նույն ոգով ու նվիրվածությամբ շարունակում եք աստվածապարգև Ձեր շնորհներով ջանքեր ներդնել՝ հանուն երիտասարդ սերնդի դաստիարակության, մեր երկրի զորացման և մեր ժողովրդի կենաց հարատևության: Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տերը Ամենօրհնյալ Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ բաշխի Ձեզ կանացի և մայրական բերկրալի անսպառ երջանկություն, քաջառողջություն, լիախնդություն և անսասանություն՝ Ձեր կյանքի և առաքելության ընթացքին: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր Ամենազոր Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին և ամրապնդի ամենքիդ՝ հույսի, հավատի և սիրո աստվածային առաքինությունների մեջ: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն: Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նմանատիպ նյութեր