Արթուր Ալեքսանյանին եւ Հենրիխ Մխիթարյանին շնորհել են «Հայկյան» մրցանակ. ՖՈՏՈՇԱՐՔ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա այս միջոցառումը բացահայտում, արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց։ Այս տարի «Հայկյանը» նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Ի դեպ, երեկոյի հանդիսավարներից մեկը հենց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ով վերջերս է զորացրվել։
Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։
«Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար:
«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին մրցանակի համար, նշել է, որ միշտ պատրաստ է Հայաստանի պատիվը բարձր պահել։
Տեսաուղերձով ներկաներին է դիմել Հենրիխ Մխիթարյանը։ Նա երիտասարդներին մաղթել է նպատակների իրականացում, ինչը հնարավոր է աշխատասիրության շնորհիվ։ Նա նաև կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց երազանքները իրագործելու ճանապարհները, անկախ դժվարություններից և խոչընդոտներից։
«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։ Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ: