211652_close_icon
views-count2062 դիտում article-date 21:25 22-04-2014

«Հայկյան մրցանակ»-ի արժանացած ուսուցչին Նախագահը երկհարկանի տուն է նվիրել. տեսանյութ

Երևանից 180 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք` սահմանին կպած Կոթի համայնքի ժամանակի հերոսի` Գևորգ Գրիգորյանի կյանքը մի ակնթարթում փոխվեց: Թեև սահմանամերձ համայնքում այստեղ յուրաքանչյուր ապրած օր արդեն հաջողություն է, առավել ևս եթե ոչ միայն ապրում ես, այլևս գործում: Ուրեմն երջանիկ ես: Երջանկության այս բանաձևը իր համար բացահայտեց նաև Կոթիի միակ դպրոցի նորաթուխ ուսուցիչը, որ այստեղ էր եկել Գեղարքունիքից: Եկավ սահման` հակառակորդի դիրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա, դասավանդելու: Գևորգը դպրոցում դասավանդում է արդեն 3 տարի: Գլուխը կախ, առանց ինքնաերևակայության կամ բարձրաձայնող հայրենասիրության: Ամեն ինչ փոխվեց փետրվարի 21-ին Երևանում: Այդ օրը Գևորգը անձամբ Նախագահի ձեռքից ստացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մրցանակը, հայրենանվեր գործի համար` դիպլոմ և հայկական արտադրության «Արմթաբ»: Սերժ Սարգսյանը շնորհավորեց, հետո հարցրեց` ամուսնացա՞ծ ես: Կնվիրի, չի նվիրի, այդ ուղղությամբ նույնիսկ չէր մտածել: Վերադարձավ գյուղ, բոլորին պատմեց, ուրախացավ ու անցավ դասերին: Ապրիլի 17-ին դասերից հետո Գևորգը որոշում է ընկերների հետ նշել ծննդյան 23-ամյակը: Ծննդյան օրը բազմաթիվ զանգերից ու շնորհավորանքներից մեկը, ասում է Գևորգը, կհիշի ամբողջ կյանքի ընթացքում: Երկհարկանի ու սեփական հողատարածքով. տունը Գևորգի համար երազանք էր: Մինչև հիմա էլ ասում է` մինչև մեկ ամիս այս տանիքի տակ չքնեմ, չեմ հավատալու, որ իմն է, չնայած փաստաթղթերը ձեռքում են, բանալիները գրպանում, ապագայի մասին ծրագրերը մտքում: Հիմա արդեն տունը հետզհետե համալրվում է կահույքով: Նվերներ է ստացել բոլորից` մարզպետից, գյուղապետից, համայնքի ղեկավարից: Նրա հաջողության պատմությունը, սակայն միայն իրենը չէ: Այդ օրը փոխեց ամբողջ գյուղի մթնոլորտը: Օրեր անց «Արմթաբ» ընկերությունը 20 պլանշետ նվիրեց Կոթիի դպրոցին: Այժմ համայնքի երեխաների մատները սահում են հայկական արտադրության պլանշետի վրայով: Ուսուցչի գործը, իհարկե, շահավետ բիզնես չես անվանի, սակայն Գևորգը գործը գնահատում է ոչ թե վարձատրությամբ, այլ դրա կարևորությամբ: Գնահատված լինելը, ասում է Գևորգը, կարևոր է, բայց առաջնային չէ: Եթե այն օգտակար է քո երկրին, կատարվում է բարեխղճորեն, ուրեմն հաջողությունն ապահովված է, գնահատականն էլ չի ուշանա: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26542]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր