211652_close_icon
views-count3078 դիտում article-date 17:50 19-02-2017

ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը

Փետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ Մերձդնեստրի Գերագույն խորհուրդի` օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը: Կարևորելով Արցախի և Մերձդնեստրի միջև արդեն ձևավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախի համար կարևոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհուրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության և ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում և ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը: «Ձեզ մոտ հստակ երևում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարևոր է և ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն: Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ և պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ պետություններին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր