Սուրբ Սարգսի տոնին նվիրված՝ երիտասարդ գեղանկարիչների մրցույթի արդյունքներն ամփոփվել են
Ս. թ. փետրվարի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի է ունեցել Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված՝ երիտասարդ գեղանկարիչների մրցույթի արդյունքների ամփոփումը:
Առաջին մրցանակի է արժանացել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Սոնա Նահապետյանը (150 հազար դրամ), երկրորդ տեղում գեղանկարիչ Արամ Մաթևոսյանն է (100 հազար դրամ), իսկ երրորդ տեղում՝ նկարիչ-դիզայներ Լուսինե Սարգսյանը (50 հազար դրամ):
Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, ինքնին հետաքրքիր է այն փաստը, որ 33 նկարիչներ արձագանքեցին ու մասնակցեցին սիրո և երիտասարդության տոնին նվիրված գեղեցիկ մրցույթին. «Ձեր վառ երևակայությամբ ու պայծառ գույներով դուք կարողացաք ավելի գունավորել ու զարդարել այս տոնը»:
«Կարելի է ասել, որ այս միջոցառումն Արարատյան հայրապետական թեմ-մշակույթի նախարարություն լայն համագործակցության առաջնեկն է: Իսկ այս մրցույթի մասնակից երիտասարդները՝ Սուրբ Սարգիս զորավարի կերպարով ներշնչված, իրենց հոգու պատկերն են դրոշմել կտավների վրա»,-ասաց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հույս հայտնեց, որ համատեղ ձեռնարկի առաջին փորձը շարունակություն կունենա. «Գեղեցիկ է, երբ երիտասարդությունը մոտենում է իր ակունքին, առավել հետաքրքիր է, երբ դա անում են կերպարվեսի գործիչները»: