Հունվարի 22-ին տեղի կունենա Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառում
Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն համատեղ կազմակերպում են Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառումը:
Միջոցառման նպատակն է խրախուսել եկեղեցական և ազգային տոնի տարածումը երիտասարդության շրջանում, ինչպես նաև Հայրենիքում բնակվող սիրիահայ երիտասարդների ներգրավումը քաղաքացիական կյանք։
ՀԵԵ ՈՍՏԱՅՆ-ի և Երիտասարդական ակումբների դաշնության տեղացի և եվրոպացի կամավորները նախապես կպատրաստեն աղի բլիթներ, իսկ բուն միջոցառման ընթացքում տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները համատեղ հանդես կգան ազգային երգի և պարի կատարումներով:
Կներկայացվի Քեսապի պարը, կլինեն հետաքրքրաշարժ մրցութային խաղեր, կբաժանվեն նվերներ և աղի բլիթներ: Երիտասարդներին կօրհնի Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը, ով կմեկնաբանի տոնի խորհուրդն ու կներկայացնի այն նշելու արարողակարգը:
Միջոցառումը կավարտվի երիտասարդների շուրջպարով, -մեզ տեղեկացրեց ՈՍՏԱՅՆԻ նախագահ Ատոմ Մխիթարյանը, - որը խորհրդանշելու է մեր միասնականությունն ու Հայրենիքում ապրելու, այն շենացնելու հաստատակամությունը:
Միջոցառման աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմը, Երիտասարդական ակումբների դաշնությունը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն:
Հունվարի 22-ին, ժամը 18:30-ին, հարվիրում ենք մասնակցելու Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառմանը, որը տեղի կունենա ք. Երևան, Վարդանանց 8ա («Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի շենք) հասցեում: