4933 դիտում
20:34 07-02-2017
Պարզվում են զինծառայող Շ.Գալստյանի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ծառայակցին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Շ.Գալստյանին վիրավորելու վերաբերյալ։
Ժամկետային զինծառայող Շ.Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգն ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին. զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Դեպքի վայրի զննությամբ՝ զինծառայողի ոտքերի արանքում, խզակոթի մասով դեպի ներքև, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շ.Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաև՝ մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4948 դիտում
18:39 13-08-2018
Պարզվում են ժամկետային զինծառայող մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երկու անձի․ ՔԿ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր