211652_close_icon
views-count1510 դիտում article-date 22:23 06-02-2017

«Թատրոնները և մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես որակ փոխել». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ մշակույթի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով 2016թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ: Առաջին երևանյան միջազգային բիենալեի նախաձեռնող խմբի կողմից որոշվել է անցկացնել «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն, որի աշխատանքները կընթանան 2017 թվականին: Վերանորոգվել է 3 տուն-թանգարան, իսկ նոր մշտական ցուցադրություններով վերաբացվել են 2-ը: Արտերկրում բացվել է մեծամասշտաբ 4 ցուցահանդես: Հաղպատում անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Ստեղծվել է «Հայկական կինո» տեղեկատվական շտեմարանը, ավարտվել է համատեղ 3 ֆիլմերի արտադրությունը, թվայնացվել է 7 ֆիլմ, 1 կինոնախագիծ ընթացքի մեջ է: Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների խթանում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական բաղադրիչի մեծացում, հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված ստեղծագործական ծրագրերի իրականացում: Հայկական մշակույթի տարածման ու ճանաչելիության բարձրացման նպատակով Կարեն Կարապետյանը կարևորել է մշակույթի կապիտալիզացիան՝ ընդգծելով, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ: «Թատրոնները և մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես պետք է կապիտալիզացնել, որակ փոխել և կառավարման մշակույթ ներդնել: Պետք է նման ծրագրերով առաջ գնանք», - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև համաշխարհային մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումների անցկացումը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր