Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված հոդվածի․ ԼՂՀ ՊՆ
Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» վերտադրությամբ հոդվածի՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ զորացրված զինծառայող Հայկ Գինովյանն իր ծառայությունն անց է կացրել այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակվողական ռազմական գործողություններ չեն ընթացել:
Դրա համար էլ նրա զինգրքույկում նշված է միայն, որ նա ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով վերոնշյալ հարցին, տվել է համապատասխան պարզաբանում:
Ուստի խնդրում ենք մեր լրատվամիջոցներին սույն հարցին մոտենալ ըմբռնումով և այն հրապարակային քննարկման նյութ չդարձնել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն