211652_close_icon
views-count6568 դիտում article-date 15:16 27-01-2017

6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղևորափոխադրումների ոլորտի կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ. ընդունված և մինչև վերջերս որևէ լուրջ փոփոխության չենթարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ և լրացումներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մոտ 1 տարի անց` 2016 թվականի դեկտեմբերին, Ազգային ժողովում այն ընդունվեց, իսկ այս տարվա հունվարին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշեց, որ իրավական բարեփոխումների նպատակը միջազգային ուղևորափոխադրումների անվտանգության բարձրացումն ու սպասարկման որակի բարելավումն է: Խոսքը վերաբերում է և՛ կանոնավոր, և՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին: Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից պահանջվում էր ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք ներկայացվում էին Հայաստանի սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված էր տույժ` 20.000 դրամի չափով: Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ փոխադրողների մեծամասնությունն այս պայմաններում ոչ կանոնավորի անվան տակ փաստացի իրականացնում է կանոնավոր փոխադրումներ: «Այս օրենքով խստացրել ենք այդ պահանջը` վարչական պատասխանատվությունը հասցնելով մինչև 300.000 դրամի: Բացի այդ, որպեսզի անվանացուցակը ձևական բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս։ Պետք է լինի նույն անվանացուցակը` առավելագույնը 10 տոկոս տարբերությամբ»,- ասաց նախարարի տեղակալը: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է նաև 150.000 դրամի չափով պարտադիր տուրք: Դրանից բացի, խստացվել են տոմսերի իրացման կանոնները: Միջազգային փոխադրումների ուղետոմսերը կվաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության հետ: Այն երկրներից, որոնց հետ Հայաստանը տրանսպորտային ոլորտը կարգավորող համաձայնագրեր չունի, դեպի Հայաստան ուղևորներ փոխադրողի վերջին կանգառը պետք է լինի Հայաստանում գործող որևէ ավտոկայան: «Այդ ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման կենթարկվի տեխնիկական, իսկ վարորդները՝ բժշկական զննության»,-պարզաբանեց Արսենյանը։ Խստացվել է անվտանգության ևս մեկ բաղադրիչի վերահսկողություն. այսուհետ միջազգային փոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում պարտադիր է տախոգրաֆի առկայությունը: «Ավելի վաղ արտադրության մեքենաներում նախատեսվում է անալոգային տախոգրաֆների տեղադրում, իսկ նոր մեքենաներում թվային տախոգրաֆները սովորաբար ներկառուցված են լինում։ Դրանք հնարավորություն կտան վերահսկել վարորդի աշխատանքային ռեժիմը Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս»,- ասաց տրանսպորտի վարչության պետի տեղակալը։ Հյուսիսային ավտոկայանի բուժկետը վերջերս նորոգվել է: Դեռ չեն հասցրել կահավորել, բայց առողջությունից գանգատվող վարորդներին և ուղևորներին սպասարկում են: Ավտոկայանի բուժքույր Քրիստինե Ասատրյանն ասաց, որ վատառողջ վարորդներին ղեկին մոտ չի թողնում: «Վարորդների ճնշումն ենք չափում, հարցուփորձ անում ինքնազգացողությունից, եթե գանգատներ են ունենում, համապատասխան բուժօգնություն ենք տրամադրում, իսկ եթե գնահատում ենք, որ ինքնազգացողությունը բավարար չէ, փոխարինվում է ուրիշ վարորդով»,- նշեց բուժքույր Քրիստինեն։ Շուտով այստեղ բժշկական զննություն կանցնեն նոր երթուղիների վարորդները: Նախատեսվում է ներդնել 6 կանոնավոր երթուղի` դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Կշահագործվեն ինչպես խոշոր, այնպես էլ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ: Նախարարությունն արդեն հայտարարել է փոխադրողների մրցույթ։ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ հայտատուների թիվը բավական մեծ է: Օրենքի փոփոխությունները կանոնավոր-ոչ կանոնավոր վերադասավորումները դարձրել են անխուսափելի: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր