Ազատազրկվածներին բուժօգնություն տրամադրել քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոցը». Արփինե Հովհաննիսյան
ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները անհրաժեշտ է բարելավել: Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը, հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով, առաջարկեց ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն և երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության»,- ասաց է Արփինե Հովհաննիսյանը:
Առաջարկվեց նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, բողոքարկման ընթացակարգերը, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգի իրավական կարգավորումները՝ նախատեսելով բժշկի եզրակացության կամ ազատազրկված հիվանդ անձի (նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա հարցն անմիջապես միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն։ Նախատեսվում է մշակել նաև հացադուլ անողներին վերաբերող իրավական կարգավորումներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով հարկադիր սնուցմանը և հարկադիր բուժմանը:
Այս առնչությամբ առաջարկվում է մշակել համապատասխան օրենադրական փոփոխություններ՝ քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և այն կամ ՀՀ արդարադատության նախարարության կամ ՀՀ կառավարության անմիջական ենթակայությանը հանձնելու վերաբերյալ: