Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկում է միջադեպով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայր Դավոսում այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 47-րդ ֆորումը, սակայն հետո նրա մասնակիցները չեն կարողանում վերադառնալ հյուրանոցներ, հաղորդում է TASS-ը։
Ռուսական պատվիրակության անդամները գործակալությանը հայտնել են, որ պատճառը լեռներում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ն է, ինչի հետևանքով փակվել է ճանապարհը և ֆորումի մասնակիցները չեն կարողանում վերադառնալ Դավոսից 12 կմ հեռավորության վրա գտնվող Կլոտերս հանգստավայրի իրենց հյուրանոցային համարները։
Ականատեսների փոխանցմամբ՝ նշված հատվածում այս գիշեր տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով շուրջ 100 միկրոավտոբուսներ և այլ տրանսպորտային միջոցներ են կուտակվել, երթևեկությունն ամբողջովին դադարեցված է, իսկ ոստիկանությունը թույլ է տալիս անցնել միայն շտապօգնության ավտոմեքենաներին։
Դավոսի միջազգային ֆորումը, որին ամեն տարի մասնակցում են համաշխարհային առաջնորդներ ու էլիտ-բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնապես բացվում է այսօր՝ Չինաստանի առաջնորդի ելույթով։ Այս տարի սպասվում են ռեկորդային թվով մասնակիցներ՝ աշխարհի ավելի քան 70 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչներ։ Նրանցից 30-ը երկրների նախագահներ են։