Հաջորդ տարի Եվրամիությունն Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցություններ կվարի. Մամեդյարով
2017թ. սկզբից Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ են ընթանալու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Թրենդ» գործակալությունը:
2015թ. Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» անդամ երկրների վեհաժողովին Եվրամիությունը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նախագիծը, ասել է նախարարը:
Եվրամիության խորհուրդն Եվրամիության և Ադրբեջանի միջև համաձայնագրի այս նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատն արդեն տրամադրել է:
«Կարծում ենք, որ նոր փաստաթուղթը կստեղծի իրավական հիմք երկկողմ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության համակողմանի զարգացում ապահովելու համար: Այժմ ձևավորվում են համաձայնագրի պատրաստման ուղղությամբ կողմերի պատվիրակությունների կազմերը: 2017 թվականի սկզբից նախատեսվում են ինտենսիվ բանակցություններ այս հարցում»,- ասել է Մամեդյարովը: