Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաև տարեկան ներդրումային ծրագիրը: Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝ ներգրավվելու տարբեր ծրագրերում»,- խորհրդակցության մասնակիցներին ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ձևավորվելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը: «Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ: