211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:29 20-12-2016

ՀՀ սահմանադրական դատարանը քննել է 2015թ. ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը

ՀՀ սահմանադրական դատարանը Գ. Հարությունյանի նախագահությամբ, դռնբաց նիստում քննել է <<2015թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցը: Նիստին մասնակցել են Կ.Բալայանը, Ա.Գյուլումյանը, Ֆ. Թոխյանը, Ա.Թունյանը, նաև գրավոր ընթացակարգի շրջանակներում` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս.Պապյանը: Ուսումնասիրելով 2016թ. նոյեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարան դիմած զեկուցողի գրավոր հաղորդումը, ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ 2015թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը կնքվել է կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում կլիմայի փոփոխության սպառնալիքին գլոբալ արձագանքն ամրապնդելու նպատակով: Համաձայնագիրն ուղղված է 1992թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի նպատակների իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրն ստորագրվել է 2016թ. սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում`ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից: Համաձայնագիրը`խթանելով Կոնվենցիայի դրույթների իրականացումը, նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին, ներառյալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 20C-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.50 C-ով, գիտակցելով, որ դա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները: Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ 2015թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նմանատիպ նյութեր