211652_close_icon

1937 թվականի այս օրը գնդակահարվեց հայ նշանավոր զինվորական Գայը (Հայկ Բժշկյանց)

views-count11385 դիտում article-date 17:50 11-12-2016
Գայը՝ Հայկ Բժշկյանցը, ծնվել է փետրվար 6-ին, 1887 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար։ Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թթ. եղել է Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ Երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ /1912-1913 թթ./։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին։ Դառնալով կոմունիստ, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին։ Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում։ 1935 թ. հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է 1956 թվականի հունվարի 21-ին։

Նմանատիպ նյութեր