211652_close_icon
views-count1194 դիտում article-date 20:42 09-12-2016

Լեհաստանի Կիելցե քաղաքում բացվել է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբերի 6-ին Լեհաստանի Կիելցե քաղաքի Մշակույթների երկխոսության թանգարանում կայացավ «Warsztat ormianski» խորագրով հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Կիելցեի Ազգային թանգարանը՝ Շվիենտոկշիսկի վոևոդության (մարզի) մարշալեկ Ադամ Յարուբասի և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո: Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենությանը և կազմակերպիչներին՝ հայկական մշակույթի մի շարք բացառիկ նմուշների յուրօրինակ և տպավորիչ ցուցադրություն կազմակերպելու համար և նշեց, որ այն այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն պատկերացում կազմել հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայ և լեհ ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մասին: Ցուցահանդեսում ներկայացված են Լեհաստանի տարբեր թանգարանների և հավաքածուների՝ հայկական մշակույթին վերաբերող բացառիկ ցուցանմուշներ, միջնադարյան հայկական ձեռագրեր և գրքեր, գորգեր, զենքեր, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերի լուսանկարներ և այլն: Ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Կրակովի թանգարանը, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանը, Լեհաստանի Ազգային գրադարանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր